09/02/2024 14:12
Արամ Բալոյան. Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել
Կոնվերս Բանկը Հայաստանում մանրածախ բանկային ծառայությունների մատուցման համալիր լուծումներ ու համապարփակ պրոդուկտներ առաջարկող ֆինանսական կառույցներից է: Նախորդ տարվա ցուցանիշների, ռազմավարության և զարգացման տեսլականի մասին զրուցել ենք Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանի հետ:
- Ինչպիսի՞ արդյունքներով եք ամփոփել 2023թ․-ը:
- 2023թ․-ին մեր թիմի ջանքերը հիմնականում ուղղված են եղել Բանկի արդյունավետության բարձրացմանը, թվային օրակարգի զարգացմանը, նոր պրոդուկտների նախագծմանն ու ներդրմանը:
Բանկի բոլոր ստորաբաժանումների համատեղ ջանքերի արդյունքում տարեվերջին գործարկվեց առցանց եղանակով Բանկ-հաճախորդ հարաբերությունների ձևավորման (online onboarding) համակարգը։ Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու, Converse mobile հավելվածում գրանցվելով, անցնել առցանց կենսաչափական նույնականացում և օգտվել Բանկի կողմից մատուցվող համալիր ծառայություններից:
Նախորդ տարիներին Բանկը թվային միջավայրում գործարկել էր մի շարք առանցքային ծառայություններ՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով Converse Mobile հավելվածով ստանալ սպառողական վարկ, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և վճարումներ, իսկ այժմ հաճախորդների համար ապահովում է ամբողջական թվային ծառայությունների փաթեթ։
Վերը նշված գործիքակազմից բացի, Բանկը մշակել և ներդրել է բանկային հաշվի ծառայությունների փաթեթներ, որոնք թույլ են տալիս տարբեր պահանջմունքների տեր հաճախորդներին մեկ «զամբյուղով» ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները և սպասարկվել առավել պարզեցված ընթացակարգով։ Ներկայում Բանկային ծառայությունների փաթեթներից օգտվել կարելի է՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, առաջիկայում դրանք հասանելի կդառնան նաև Converse Mobile հավելվածում։
- Խոսքը հաճախորդների սեգմենտավորման, նրանց կարիքների ու ակնկալիքների հիման վրա պրոդուկտների մշակման մասի՞ն է:
- Այո, ցանկացած պրոդուկտ և բանկային ծառայություն մշակվում է հաճախորդի համար, ուստի առավել որակյալ ծառայություն մատուցելու նպատակով անհրաժեշտ է նախ ճանաչել հաճախորդին, վերջինիս վարքագիծը, կարիքները, ապա մշակել և առաջարկել նրա պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված և ամբողջական ծառայությունների փաթեթ:
Յուրաքանչյուր սեգմենտի համար ծառայությունները նախագծելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ, ինչի շնորհիվ հաճախորդը կստանա իր պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված պրոդուկտներ։ Մասնավորապես, եթե խոսենք վերջերս գործարկված Բանկային ծառայությունների փաթեթների օրինակով, ապա․
- Փաթեթները կառուցված են այնպես, որ հաճախորդի համար անկանխիկ ֆինանսները լինեն ավելի նախընտրելի, հարմար և անվտանգ, քան կանխիկն է գրպանում։
- Փաթեթներում ներառված են այն բոլոր պրոդուկտները և գործիքները, որոնք սովորաբար անհրաժեշտ են լինում հաճախորդներին տարբեր բանկային կարիքներ հոգալու համար. այնպես որ, նոր պրոդուկտից օգտվելու համար կարիք չկա այցելել Բանկ և կնքել լրացուցիչ պայմանագիր։
- Հասանելի են գումար խնայելու և գումար փոխառելու պարզեցված գործիքներ։
- Կատարելով անկանխիկ գնումներ փաթեթներում ներառված քարտերով՝ հաճախորդները կկուտակեն Կոնվերս միավորներ և կօգտվեն այդ նախագծի առավելություններից։
- Փաթեթների առավելություններից կարող են օգտվել նաև ընտանիքի անդամները։
- Փաթեթներն ունեն պարզ և հասկանալի սակագներ։
- Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և մրցակցությունը համակարգում:
- Կոնվերս Բանկը բանկային համակարգում կայունությամբ, շարունակական աճով և հաճախորդների լոյալության բարձր մակարդակ ունեցող կառույցներից է: Մեր պրոդուկտների և ծառայությունների մրցունակության մասին է վկայում պորտֆելի կայուն և շարունակական աճը: Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարեվերջին Բանկի մանրածախ վարկային պորտֆելն աճել է շուրջ 25 տոկոսով, Բանկը գերազանցել է նախորդ տարվա շահույթի ցուցանիշը։ Բայց միայն բացարձակ թվերի դրական դինամիկան բավարար չէ Բանկի ձեռքբերումները գնահատելու համար։ Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել, մասնավորապես, կտրուկ մեծացել է պորտֆելի դիվերսիֆիկացիան։
Շուկայում տարբեր խաղացողներ, հաճախորդներ ներգրավելիս, շեշտը հիմնականում դնում են գնային մրցակցության վրա, ինչն, անշուշտ, շահավետ է հաճախորդի համար։ Սակայն երբ նայում ենք համաշխարհային զարգացումներին, ապա առաջիկայում մրցակցային առավելություն կունենան այն կառույցները, որոնք արագ կբարելավեն պրոդուկտ-սպասարկում որակի միքսը։ Այս առումով դեռևս բավականին գործ ունենք անելու:
- Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին:
- Կնախընտրեի կատարված գործերի մասին խոսել անցյալ ժամանակով՝ դրանք հաջողությամբ ավարտելուց հետո: Արդեն բավարար խոսել ենք մեր գործերի մասին. կարծում եմ՝ այդ մասին տեղեկատվությունը տարբեր ուղիներով արագ հասանելի է դառնում մեր ներկա և ապագա հաճախորդներին։
Այսօր կնշեմ միայն, որ Բանկի կողմից մատուցվող ֆինանսական խորհրդատվությունը պետք է լինի հաճախորդի ստացած ամենամեծ արժեքը:
Հավելեմ նաև, որ իր առջև դրված խնդիրների իրագործման համար Բանկն ունի շատ դինամիկ ու առաջադեմ ռազմավարություն, մոտիվացված և աշխատասեր թիմ: Հետևաբար, մենք պարտավոր ենք ապագայում շուկային ներկայանալ բանկային ծառայությունների մատուցման բոլորովին նոր փիլիսոփայությամբ։ Սա շատ հետաքրքիր և հաճախորդամետ գործ է, որը, վստահ եմ՝ հաջողությամբ կիրականացնենք։