09/02/2024 15:45
Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ Բրյուսելում
Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական հարցերին։ Այս մասին հաղորդում է ԵԽ մամուլի ծառայությունը։
Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ օրակարգի հնարավորության շուրջ շարժվելու մասին։
«Կքննարկվեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:
Այնուհետև մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական, ներառյալ՝ տարածաշրջանային հարցերի և արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը կնախագահի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը»,- ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։