09/02/2024 22:11
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս են. Ձեռնարկվելու են բոլոր միջոցները՝ մեր անվտանգությունն ապահովելու համար․ ՌԴ փոխարտգործնախարար
ՆԱՏՕ-ի ակտիվացումը, մասնավորապես, Steadfast Defender 2024 զորավարժությունների անցկացումը մեծացնում է ոչ միտումնավոր ռազմական միջադեպերի վտանգը, դրան պետք է պատրաստ լինել, «Россия-24»-ի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի կողմից ամենախոշոր՝ Steadfast Defender 2024 զորավարժությունների անցկացումը։
«Ձեռնարկվելու են բոլոր միջոցները՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ու պաշտպանունակությունը հուսալիորեն ապահովելու համար»,- այդ առնչությամբ հավելել է Գրուշկոն։
Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի նպատակն է ուժի ցուցադրումը, իսկ դաշինքի զորավարժությունները Ռուսաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս են։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի Steadfast Defender 2024 զորավարժություններն անցկացվելու են այս տարվա փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում, դրանց մսնաակցելու են ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրներ և անդամության ձգտող Շվեդիան, զորավարժություններում 90 000 զինվորականներ են ընդգրկվելու։