10/02/2024 22:00
Նեոնատալ ցնցումներ. Ինչպես օգնել նորածնին
Նորածնային շրջանը համարվում է նորածնի կյանքի առաջին 28 օրը, այսինքն՝ ծննդաբերությունից հետո առաջին 4 շաբաթը:
Նորածինների շրջանում հաճախ հանդիպող նյարդաբանական ախտաբանական վիճակներից են նեոնատալ ցնցումները:
Նորածնային նոպաներն ունեն յուրահատուկ ախտածագում և կլինիկական տարբեր դրսևորումներ, համեմատած ավելի մեծ տարիքային խմբերի երեխաների հետ՝ դրանց երբեմն դժվար է ախտորոշել:
Նոպաները, որոնք տեղի են ունենում ծնվելուց հետո 12-24 ժամվա ընթացքում, առավել վկայում են հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի, մինչդեռ նոպաները, որոնք տեղի են ունենում այս ժամկետից հետո՝ վկայում են վարակի, արյունազեղման կամ իշեմիկ ինսուլտի մասին:
Ցնցումների էթիոլոգիան նորածնային շրջանում պայմանավորված է մի շարք գործոններով՝ նյութափոխանակության խանգարումներ, տարած ասֆիքսիա, ներգանգային արյունազեղումներ, վարակներ, գլխուղեղի բնածին անոմալիաներ, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ:
Ցնցումների ախտածագումը սահմանվում է որպես գլխուղեղի կեղևի նեյրոնների աննորմալ, սինխրոն պարպումներ:
Նորածնային նոպաները դասակարգվում են.
ֆոկալ կլոնիկ ցնցումներ, որոնք դրսևորվելով դեմքի, վերին կամ ստորին վերջույթների, պարանոցի կրկնվող ռիթմիկ կծկումներով, չեն դադարում վերջույթների ֆիզիկական ճնշման կամ վերադիրքավորման պարագայում,
ֆոկալ տոնիկ ցնցումներ, որոնք գերակշռող դրսևորվում են վերին վերջույթների ծալումով և ստորին վերջույթների տարածումով, պարանոցի շարունակական, անցողիկ, ասիմետրիկ դիրքով,
միոկլոնիկ ցնցումներ:
Նրածինների շրջանում ցնցման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ բացառել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը, էլեկտրոլիտային դիսբալանսը՝ հիպոկալցեմիան, հիպոմագնեզեմիան, հիպոնատրիեմիան:
Բացի նորածնի զննումից, կիրառվում են մի շարք ախտորոշիչ հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա, նեյրոսոնոգրաֆիա, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա:
Նորածինների մոտ ցնցումների առկայությունը հաստատելու համար թիրախային է էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, որի միջոցով հնարավոր է տարբերակել ոչ էպիլեպտիկ վարքագիծը նորածնային նոպաներից:
Նոպաների կանխատեսումը կախված է դրանց առաջացման էթիոլոգիկ գործոններից: Եթե էլեկտրոէնցեֆալոգրաֆիան նորմալ է, ապա կանխատեսումը գերազանց է:
Նորածինների նոպաների ախտորոշումը, կառավարումը և կանխարգելումը պահանջում են բազմապրոֆեսիոնալ մոտեցում՝ կլինիկական նոպաների ոչ լիարժեք և ընդունվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների հետևանքով առաջացած բարդություններից խուսափելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ