10/02/2024 19:13
Ռուսաստանի հետ պատերազմ չենք ուզում, բայց առճակատումը կարող է տասնամյակներ տևել․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ երկարատև առճակատմանը, որը կարող է տևել տասնամյակներ, Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ, սակայն մենք պետք է զինվենք՝ Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման համար, որը կարող է ձգվել տասնամյակներ»,- ասել է Ստոլտենբերգը։
Այս համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մեծացնել և արագացնել եվրոպական ռազմարդյունաբերական ընկերություններին ուղղվող պատվերները։ Նրա խոսքով՝ շուկայական տնտեսության պայմաններում զենք արտադրողներին անհրաժեշտ են կնքված պայմանագրեր, որպեսզի նրանք կարողանան մեծացնել իրենց արտադրությունը։
«Մենք պետք է արագ վերակառուցենք և ընդլայնենք մեր արդյունաբերական բազան, որպեսզի կարողանանք ավելացնել մատակարարումները Ուկրաինա և համալրել զենքի մեր սեփական պաշարները։ Դա նշանակում է խաղաղ ժամանակի դանդաղ արտադրությունից անցում դեպի արագ արտադրություն, որն անհրաժեշտ է հակամարտությունների ժամանակ։
Լավագույն պաշտպանությունը Ուկրաինային աջակցելն է և ներդրումները ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում»,- ասել է Ստոլտենբերգը։