11/02/2024 22:53
Շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում. Փաշինյան
Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են, The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև հիմա և վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա: Այս իմաստով, համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել: Մինչդեռ բազմաթիվ երկրներ վստահ չեն, որ այդքան ապահով են զգում իրենց: Ինչի՞ համար եմ ես այսպես արձագանքում Ձեզ: Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք. շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունն, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի վրա, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը կարծում եմ՝ վատ չէ», - նշել է նա: