11/02/2024 11:38
Սովետական է, թե բուրժուական է՝ միևնույն է՝ Հայոց պետությունը պետություն է, չկա 1-ին, 2-րդ ու 3-րդ. Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է․
Հստակ ու պարզ չէ, թե որտեղ , երբ, ինչու և ինչպես է դարձել կարծրատիպ 2-րդ, կամ 3-րդ Հանրապետություն հասկացությունը, որն էլ հավանաբար անտեղի գայթակղություն է առաջացրել ստեղծել նաև 4-րդը։ Բանն այն է, որ Հայաստանի պարագայում նման բան չկա և չի կարող լինել։ Պատճառն էլ շատ պարզ է՝ եթե պետությունը հիմնադրելու, պահպանելու և զարգացնելու հիմքերը, այն է՝ հայ ժողովրդի ազգային նպատակներն ու արժեքային համակարգը չեն փոփոխվել, իսկ Հայաստանի պարագայում դրանք անփոփոխ են առնվազն երկու հազարամյակ, ապա հանրապետության (պետության) հերթական համարակալումն ըստ հասարակական կառուցակարգի, կամ կառավարման իրավակարգի փոփոխության՝ առնվազն անհիմն է, եթե չասենք՝ լիարժեք զավեշտ է։
Առավել ևս սա վերաբերում է վերջին 100 տարվան, երբ ոչ ազգային արժեքներից, ոչ էլ իր պատմական տարածքի վրա ապրելու և զարգանալու նպատակադրումներից հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվել։
Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ չի հրաժարվել։
Օրինակները շատ շատ են, բայց հիշատակենք միայն երեքը.
- Հայրենական մեծ պատերազմից հետո Խորհրդային Միության կողմից Արևմտյան Հայաստանը վերամիավորելու նախաձեռնությունը,
- Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովի կողմից Արցախը Հայաստանին վերամիավորելու ջանքերը, այդ թվում՝ Ստալինին ուղղված խնդրագրերը,
- Խորհրդային Միության օրոք Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը։
Հետևաբար, ամենևին էլ էական չէ, թե թղթերի վրա ինչեր են գրված եղել, կամ ովքեր, և ինչեր են պարտադրում գրել։ Գլխավորն այն է, որ պետությունը հիմնադրող ազգն իր հավաքական իղձերում ու գաղափարներում չի կրել, և չի կրելու որևէ փոփոխություն։
Կարճ ասած՝ պետության (հանրապետության) հերթական համարակալումն ըստ նրա հասարակական իրավակարգի, կամ կառավարման կառուցակարգի փոփոխության՝ պարզապես անախրոնիզմ է։
Միապետություն է, կրոնապետություն է, հանրապետություն է՝ սովետական է, թե բուրժուական է՝ միևնույն է՝ Հայոց պետությունը պետություն է, և չկա նրա 1-ինը, 2-րդն ու 3-րդը…
ՀԳ․ Օտար ազգերին ընդօրինակելու շատ ավելի արժեքավոր բաներ կան՝ կարգապահությունից, ճշտապահությունից, ազնվությունից, գիտությունից, տեխնոլոգիայից ու կենցաղային վարվելակերպից սկսած՝ իրենց ազգային ինքնությունը պահպանելու համար հերոսանալով վերջացրած։
Իբր՝ առաջադեմ, կամ ժամանակակից երևալու համար հենց այնպես և անիմաստ ամեն ինչ կապկելը միայն քմծիծաղ է առաջացնում հենց նրանց մոտ, ում ձգտում եք կապկել»։