12/02/2024 14:21
Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը. մարզպետի հետ հանդիպումից գոհ չեն
Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։
«Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ»,- ասաց վարդենիսցիներից մեկը։
Ըստ նրանց վարկածի՝ «ուզում են իրենց քշել»։
Վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել էին ակցիան որոշ ժամանակով, քանի որ նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետը։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են, հենց այս պատճառով էլ վարդենիսցիները բողոքի ակցիա էին դուրս եկել։
Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
«Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,- թեմային անդրադառնալով՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։