12/02/2024 19:11
Փաշինյանը կարող է հանձնել նաև Վարդենիսն ու ասել՝ «նոր իրականություն» է ստեղծվել, հետո էլ կոչ անել հաշվի նստել այդ իրականության հետ․ Վազգեն Մանուկյան
Երբ ասում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, պետք է հասկանալ, որ դրա մեղավորը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է, News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Նա այժմ էլ կարող է նոր իրականություն ստեղծել՝ հանձնել Վարդենիսն ու ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել», հետո կոչ անել հաշվի նստել այս իրականության հետ։ Իշխանությունները ցանկանում են նսեմացնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այն մեղքերը, որոնք ինքն է գործել, ուզում է բարդել ժողովրդի վրա։ Կարծում եմ, որ անհնար է մարդկանց երկար պահել այս վիճակում»,- ընդգծել է նա։
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Սահմանադրություն կամ այլ բան փոխելու փոխարեն ավելի հեշտ է փոխել Փաշինյանին. «Գրեթե բոլոր պետություններն անկախություն ձեռք բերելիս Անկախության հռչակագիր են ընդունում, որտեղ շարադրում են իրենց նպատակները: Հետագայում բոլոր Սահմանադրությունները հիմնվում են այդ հռչակագրի վրա»,- ընդգծել է Մանուկյանը։
Նրա խոսքով, ԱՄՆ Անկախության հռչակագրում մեղադրանքներ կան Մեծ Բրիտանիայի հասցեին, սակայն դա չի խանգարում նրանց՝ բարեկամական հարաբերություններ ունենալ։
«1991 թվականին Հայաստանն ընդունեց նոր հռչակագիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 1918 թվականի հռչակագիրը, և ըստ դրա՝ այդ սահմանները չեն համընկնում այս երկրների ներկայիս սահմանների հետ»,- նշել է նախկին վարչապետը։
Նա անհեթեթ է անվանել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրությունը՝ Հռչակագրին հղումները բացառելու նպատակով։
«Փաշինյանն, ըստ էության, կոչ է անում ազատվել Հռչակագրից, քանի որ դրա պատճառով մեզ կարող են «ծեծել»։ Երբ նա ասում է սա, դա պարզապես ծիծաղելի է թվում, այդ թվում՝ արտաքին լսարանի համար: Բայց եթե իշխանությունները կեղծիքներով ու ճնշումներով հասնեն Սահմանադրության փոփոխության ընդունմանը, ապա բարոյական հարված կհասցվի ողջ հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է պատմական արդարության գաղափարին, որը կա Հռչակագրում, ապա դա կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»,- եզրափակել է Վազգեն Մանուկյանը։