12/02/2024 15:16
Հուսով եմ՝ այսքան խոսելու համար իմ վրա նոր մահափորձ չեն կատարի. Չախոյանը ԱԺ-ում հայտարարեց՝ Երևանում կոռուպցիան մեծ չափերի է հասնում (Տեսանյութ)
Երևանում կոռուպցիան տարածված է և անհասկանալի մեծ չափերի է հասնում. ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկմանը հայտարարեց հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը։
Նա հայտարարեց, որ արձանագրվել է իր՝ կոռուպցիոն պայքարի առաջին հաղթանակը՝ Երևանի քաղաքապետարանն ընդունել է, որ ինքը ճիշտ է․ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում նստարանների տեղադրման մասով անհամապատասխանություններ կան։
«Արձանագրեմ, որ ինձ պատասխանատվության էր ուզում ենթարկել վարչական շրջանի ղեկավարը»,-ասաց նա։
Չախոյանը Երևանում կոռուպցիոն բնույթի փաստեր ներկայացրեց, որոնք, ըստ նրա, թերի կամ խախտումով են կատարվել, որոնք քաղաքապետարանն ընդունել է և վճարել։
Ըստ նրա՝ նաև տեխհսկողությունները պատշաճ չեն կատարվում։ «Մեկ լուցկու չոփ հնարավոր չէ տեղափոխել առանց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պատասխանատուների իմացության»,-ասաց նա։
Չախոյանը նշեց, որ Երևանի շինբարեկագման վարչության արդեն նախկին պետ Խորեն Գրիգորյանի ունեցվածքն ուսումնասիրելիս՝ ինքը անհայտ ծագում ունեցող միջոցներից գույք է հայտնաբերել։ «Պտղնիում ճոխ առանձնատուն է սարքել, անհասկանալի է՝ ինչ միջոցներով, Արաբկիրում ճոխություններ է թույլ տվել։ Բա էտ մարդն այդ փաստաթղթերը ստորագրում է, ոչ ոքի մոտ կասկած չի՞ առաջանում, որ այդքան գույք է ձեռք բերել, որտեղի՞ց։ Հույս ունեմ, որ այսքան խոսելու համար իմ վրա նոր մահափորձ չեն կատարի»,-ասաց նա։