12/02/2024 23:22
Վթար կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ․ Opel-ը հայտնվել է մայթին, Honda-ի վարորդն էլ կռիվ է սարքել
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ տեղում Honda-ի վարորդը մի իսկական «դեբոշ» է սարքել՝ չենթարկվելով սթափությունը ստուգելու պահանջին։ Նա հրաժարվել է, ինչից հետո վարորդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձ աստիճան։