12/02/2024 16:41
Առաջին անգամ եմ Աժ-ում․ շատ սիրուն տեղ եք աշխատում․ Երևանի ՔՊ ավագանու անդամ
Առաջին անգամ եմ Աժ-ում, բակում էլ։ Աշխատանքի բերումով չէր ստացվում, նույնիսկ, երբ բացել էին այգին, չհասցրեցի գամ զբոսնեմ այստեղ, շատ սիրունա, շատ սիրուն տեղ եք աշխատում. ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով հրավիրված քննարկմանն ասաց Երևանի ՔՊ ավագանու անդամ Կիմա Աբրահամյանը, ով քննարկմանը ներկա իշխանության միակ ներկայացուցիչն էր։
Կիմա Աբրահամյանը նշեց, որ բաց է ընդդիմադիրների հետ աշխատելու համար, տեղյակ են, որ խնդիրները շատ են։ «Կներեք, ինձ համար նոր է այս ամենը։ Ուզում եմ հերքել, որ ընդդիմության հետ չեն աշխատում, եթե ԱԺ-ում չեն աշխատում, ցավում եմ, բայց ես ուրախ եմ, որ կա ընդդիմություն, որովհետև չի կարող լինել մեկ իշխող կուսակցություն։ Ավագանիում տարբեր են մարդիկ, քննարկում ենք և լսում ենք բոլոր խնդիրները։ Շատ հարցերում համախոհ ենք»,-ասաց նա։
Ըստ Աբրահամյանի՝ 3,5 ամիս է, որ ավագանու անդամ է, բայց ինչ հարցով քաղաքապետ Ավինյանի մոտ մտել է, ընդդիմադիրների բարձրացրած խնդիրները ներկայացրել է, իր ակնկալած մոտեցումն ու լուծումն է ստացել։