13/02/2024 20:54
Շնչառական խզզոցներ․ Ինչի՞ հետևանք են
Խզզոցները շնչառությանն ուղեկցող բարձր, կոպիտ և սուլող բնույթի շնչառական աղմուկներ են, որոնք կարող են լինել այնքան բարձր, որ լսվեն տարածության վրա, կամ լինեն այնքան ցածր, որ պատահականորեն հայտնաբերվի թոքերը ստետոսկոպով լսող բժշկի կողմից:
Ավելի հաճախ խզզոցները ծագում են կրծքավանդակում՝ թոքերում ամփոփված բարակ բրոնխեալ խողովակների խցանման կամ նեղացման պատճառով: Խզզոցը կարող է պատճառվել նաև ավելի լայն շնչուղիների կամ ձայնալարերի նեղացման կամ խցանման պատճառով:
Խզզոցի տոնը կամ բնույթը խիստ կախված է այն հանգամանքից, թե շնչառական համակարգի որ մասն է նեղացած կամ խցանված: Վերին շնառական ուղիների նեղացումը կարող է առաջացնել ավելի կոպիտ կամ խռպոտ, իսկ ավելի ստորին խցանումները՝ ավելի մեղմ խզզոցներ:
Խզզոցն առավել ակնառու է դառնում, երբ մարդն արտաշնչում է:
Ո՞ւմ մոտ են առաջանում խզզոցները
Յուրաքանչյուր մարդու մոտ՝ սկսած նորածնից, մինչև տարեցներ, կարող են առաջանալ խզզոցներ: Ասթմայով երեխաների մոտ խզզոցներ ավելի հաճախ են առաջանում: Տարածված են նաև նորածինների մոտ՝ կյանքի առաջին տարվա ընթացքում 25-30%-ի շրջանում:
Խզզոցները կարող են ավելի տարածված լինել մանկահասակ երեխաների մոտ, քանի որ նրանք ունեն ավելի նեղ օդատար ուղիներ: Ի լրումն, մինչև երկու տարեկան երեխաներն ավելի ռիսկային են բավականին տարածված, սակայն բուժելի բրոնխիոլի կոչվող հիվանդության նկատմամբ, որի պատճառը վիրուսային շնչառական վարակն է և կարող է բերել խզզոցների:
Չափահաս մարդկանց շրջանում ավելի հավանական է, որ խզզոցներ առաջանան ծխող, էմֆիզեմայով և սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ:
Խզզոցների ամանահաճախ հանդիպող պատճառներից են՝
ասթմա, որը նաև կոչվում է բրոնխային հեղձուկ կամ բրոնխիալ ասթմա՝ քրոնիկ շնչառական հիվանդություն, որն առաջացնում է բրոնխեալ խողովակների կծկանք (սպազմ) և այտուց,
բրոնխիտ՝ բրոնխեալ խողովակների լորձաթաղանթի բորբոքում,
բրոնխիոլիտ՝ ամենաբարակ բրոնխների (բրոնխիոլների) պատի բորբոքային այտուց, որն առավել հաճախ հանդիպում է փոքր տարիքի երեխաների մոտ,
ծխախոտի օգտագործում, որը պայմանավորված է ծխախոտի ծխի գրգռիչ ազդեցությամբ և երկարաժամկետ վնասով, այդ թվում՝ քրոնիկ բրոնխիտով,
էմֆիզեմա՝ հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են թոքերի մանր շնչապարկերը՝ ալվելոները,
սրտային անբավարարություն՝ ծանր սրտային հիվանդություն, որի ժամանակ տուժում է սրտի կծկողական գործունեությունը,
թոքերի վիրուսային կամ բակտերիալ վարակային բորբոքումը,
ասպիրացիա՝ ներշնչելիս շնչառական ուղիների մեջ օտար մարմնի ընկնելը,
անաֆիլաքսիա՝ ծանր սուր և հանկարծակի ալերգիկ ռեակցիան, որը կարող է առաջանալ մթերքներից, դեղերից կամ միջատների խայթոցից:
Ասթման և բրոնխիտը չափահասների շրջանում խզզոցների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից են: Այս դեպքում խզզոցները սովորաբար բուժվում են՝ բուժելով բուն հիվանությունը:
Խզզոցներին ուղեկցող ախտանիշներից են՝
դժվարաշնչություն, որը կարող է ուղեկցվել օդի պակասի զգացողությամբ և հևոցով,
հազ,
կրծքավանդակի սեղմվածության կամ լարվածության զգացում,
ջերմություն,
քթի լցվածության կամ փակվածության զգացում,
ձայնի կորուստ,
շրթունքների կամ լեզվի այտուց,
բերանի շուրջը կամ եղունգների կապտավուն երանգ (ցիանոզ):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն