13/02/2024 23:16
Թրոմբոֆլեբիտ․ Ովքե՞ր են ռիսկի խմբում
Թրոմբոֆլեբիտը բորբոքային գործընթաց է, որը հանգեցնում է արյան մակարդուկի՝ թրոմբի ձևավորմանը և արգելափակում մեկ կամ մի քանի երակ, սովորաբար՝ ոտքերում:
Ախտահարված երակը կարող է լինել մաշկի մակերեսին մոտ կամ մկանների խորքում:
Թրոմբոֆլեբիտի պատճառներից են տրավման, վիրահատությունը կամ երկարատև անգործությունը:
Խորանիստ երակների թրոմբոզը մեծացնում է ծանր առողջական խնդիրների ռիսկը: Այն սովորաբար բուժվում է արյունը նոսրացնող դեղամիջոցներով:
Թրոմբոֆլեբիտի ախտանիշները պայմանավորված են երակների բորբոքմամբ և արյան մակարդուկով երակային հոսքի արգելափակմամբ:
Մակերեսային թրոմբոֆլեբիտի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝ ախտահարված շրջանում տեղային ջերմություն, գերզգայնություն (հպվելիս՝ ցավոտություն), մաշկի կարմրություն և վերջույթի այտուցվածություն։
Խորանիստ երակների թրոմբոզի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝ ցավ, վերջույթի այտուցվածություն (ուռածություն):
Անմիջապես դիմեք բժշկի, եթե ունեք կարմիր, այտուցված կամ ցավոտ երակ, հատկապես, եթե ունեք թրոմբոֆլեբիտի ռիսկի մեկ կամ մի քանի գործոն, եթե երակային այտուցը և ցավը սուր են և ունեք նաև շնչարգելություն (հևոց) կամ կրծքավանդակային ցավ։
Հիվանդության ռիսկը կարող է բարձրանալ, եթե՝
երկարատև ժամանակ ակտիվ չեք՝ գամված եք անկողնում կամ երկար ժամանակ ճանապարհորդում եք մեքենայով կամ ինքնաթիռով,
ունեք վարիկոզ երակներ, որոնք մակերեսային թրոմբոֆլեբիտի տարածված պատճառ են,
ունեք սրտի արհեստական ռիթմավար կամ բարակ, ճկուն խողովակ կենտրոնական կամ ձեռքի երակում՝ մեկ այլ հիվանդության բուժման համար, որը կարող է գրգռել արյունատար անոթի պատը և նվազեցնել տվյալ շրջանի արյան հոսքը,
հղի եք կամ վերջերս ծննդաբերել եք,
ընդունում եք հակաբեղմնավորիչ հաբեր կամ ստանում եք հորմոնային փոխարինող բուժում, որոնք կարող են մեծացնել արյան մակարդման հավանականությունը,
ունեք արյան մակարդելիության խանգարման կամ արյան մակարդուկների ձևավորման հակվածության ընտանեկան պատմություն,
նախկինում ունեցել եք թրոմբոֆլեբիտի դրվագներ,
ունեցել եք ինսուլտ,
60 տարեկանից մեծ եք,
ունեք ավելցուկային քաշ,
ունեք քաղցկեղ,
ծխում եք:
Եթե առկա է մեկ կամ մի քանի ռիսկի գործոն, քննարկեք բժշկի հետ կանխարգելման ռազմավարությունները՝ նախքան երկարատև թռիչքներ կամ ուղևորություններ կատարելը կամ, եթե նախատեսում եք այնպիսի պլանային վիրահատություն անցնել, որից վերականգնումը ձեզնից կպահանջի որոշ ժամանակ անշարժ մնալ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն