13/02/2024 17:54
Ես՝ որպես հայ, որպես հոգևորական, չեմ կարող ընդունել այն ամենն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում. Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան (Տեսանյութ)
«Եկեղեցին՝ որպես ազգային ինստիտուտ, բոլոր ուժերին համախմբող կառույց, պարտավորություն ունի հնչեցնելու ճշմարտության, արդարության ձայնը և բոլորին հրավիրելու մի սեղանի շուրջ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական միավոր, ուժ հասկանա, որ այս իրավիճակում երեխայական մոտեցումները կարող են հանգեցնել պետության կործանման։ Շատ խնդիրներ են կուտակվել մեր ազգային, հասարակական, պետական կյանքում, և դրանք սպառնում են մեր ազգային ինքնությանը, ազգային արժանապատվությանը։ Յուրաքանչյուր գիտակից հայ ունի գիտակցում, որ պետք է ձեռնամուխ լինի դրանց լուծմանը։ Քաղաքական բոլոր գործիչները, պետական նախկին գործիչները պետք է համախմբվեն պետականության գաղափարի շուրջ և միջոցներ գործադրեն իրավիճակը փոխելու համար։
Այս հրավերն առաջին հերթին օրվա իշխանությանն է վերաբերում. նրանք լավ պետք է գիտակցեն, որ այսօր կան, վաղը չեն լինելու, բայց յուրաքանչյուր իշխանություն պարտավորություն ունի հզորացնելու պետությունը, հայրենիքը, մինչդեռ այն, ինչ այսօր է կատարվում, չի ծառայում հզորացմանը։
Այն, ինչ կատարվում է կրթության ոլորտում, հասարակական կյանքում, ամենևին չի խոսում հզորացման մասին, թուլամորթության, անպատասխանատվության մասին է վկայում»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Եկեղեցին միշտ ձգտել է նրան, որ հզոր հայրենիք, պետություն ունենանք, քանի որ շատ լավ է զգացել, տեսել, թե օտար իշխանությունների ժամանակներում ինչպիսի ծանր կորուստներ ենք ունեցել մեր ազգային կյանքում։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են սեփական ազգից ելած իշխանավորները օտարի պես վարվում մեր ազգային ինստիտուտի հանդեպ, ցավալի է տեսնել, որ չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել, որ այդպիսով գործում են ազգային արժեհամակարգի դեմ։
Ես՝ որպես հայ մարդ, հայ քրիստոնյա, հայ հոգևորական, չեմ կարող ընդունել այն ամենն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, բայց դա չի նշանակում, թե պատրաստ չեմ դիմացինին լսել, հասկանալ, օգնել՝ պահելու, պահպանելու, զարգացնելու այն ամենն, ինչ ձեռք ենք բերել դարերի ընթացքում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում