13/02/2024 12:34
ԼՂ հակամարտության վերաբերյալ բաժինը չի հեռացվել. բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հորդորում ենք տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից», - նշեց ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ համացանցում լուսանկար էր տարածվել, համաձայն որի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել էր «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը։
Բացակայում է բաժնի ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, քանի որ այնտեղ նշված է՝ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։