13/02/2024 10:26
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է համարում երկխոսությունը
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հասնելու լավագույն միջոցը երկխոսությունն է. այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այդ հարցի շուրջ շարունակական երկխոսությանը։ Կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտի հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։
Պետքարտուղարության խոսնակը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել լրագրողի այն հարցը, որ կողմերը փորձում են բանակցային գործընթացը շարունակել առանց միջնորդների։
Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։