13/02/2024 13:25
Ալավերդիում 44-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներ է պատճառել 75-ամյա ծնողներին․ հայրը մահացել է
Փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ին իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Սամվել Վարդումյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններին Լոռու մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հայտնել էին, որ նախնական զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք էլ մահվան պատճառ են եղել:
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի, ինչպես նաև Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Վարդումյանին մարմնական վնասվածքներ պատճառել էր նույն հասցեում բնակվող 44-ամյա որդին: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է նաև, որ մինչ 75-ամյա հորը մահվան ելքով վնասվածքներ պատճառելը 44-ամյա տղամարդը ոչ սթափ և ագրեսիվ վիճակում վիճաբանել էր 75-ամյա մոր հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա գլխի շրջանում և աչքերի հատվածներում: 75-ամյա կինը հրավիրվել է Թումանյանի բաժին, հաստատել հիշյալ հանգամանքը, իսկ նրա ակնակապիճների հատվածներում ակնհայտորեն նկատվել են կապտուկներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին: