13/02/2024 14:03
Դիրքային կրակոցներ են եղել, այնպես չէ, որ հարձակվել, տարածք են գրավել. 4 զոհերից մեկն ինսուլտ է ստացել. Գագիկ Մելքոնյան
Ըստ պաշտոնական հաղորդագրության, մենք ունենք 4 զոհ, որոնցից մեկն ինսուլտ է ստացել, ու ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Ծառայողական քննություն է նշանակված, որ պարզեն, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել այս սադրանքը: Ինձ թվում է՝ ամեն ինչ կպարզվի և մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձևի են այդ կրակոցները եղել: Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինել, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են եւ Ալիևը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն, իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է»,-ասաց նա:
Գագիկ Մելքոնյանը նշեց, որ նկատելի էր՝ շատ երկրներ, որոնք ՀՀ-ի հետ նաև լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաև Ռուսաստանը՝ բոլորն էլ շնորհավորել են Ալիևին:
«Դրանից հետո Ալիեւը պետք է ինչ-որ բանով ցույց տար իր հաղթանակը, եւ ինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր: Չի բացառվում, որ ուրիշ տեղերում էլ սադրանքներ լինեն: Բոլոր հատվածներում հիմա հարաբերական խաղաղություն է, ոնց եղել է, այդպես էլ մնում է, ոչ մի փոփոխություն չկա: Միայն Ներքին Հանդի հատվածում է, որ տեղի է ունեցել այդ սադրանքը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք»,-ասաց նա՝ հավելելով, որ սահմանային խախտում տեղի չի ունեցել, դիրքային կրակոցներ են եղել, դիպուկահարներն են աշխատել:
«Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, մենք չգիտենք՝ իրենք զոհեր ունեցե՞լ են, թե՞ ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»:
Դիտարկմանը՝ Ադրբեջանը հայտարարել է, որ սա «հատուցում» գործողություն է, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Իրենք միջազգային կառույցներին ցույց են տալիս, որ իբր մենք հարձակվել ենք, իրենք էլ հատուցել են: Քննությունը կպարզի՝ ովքեր են սկսել սադրանքը»: