13/02/2024 23:04
Էստոնիայի հետախուզությունը հավանական է համարում Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը՝ հաջորդ տասնամյակում
Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Կաուպո Ռոսինը Financial Times-ին տված հարցազրույցում նշել է, թե հաջորդ տասնամյակում «Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտի հավանականություն կա» և կոչ է արել դաշնակից երկրներին մեծացնել պաշտպանական ծախսերը։
«Մենք տեսնում ենք, որ ռուսները դիտարկում են ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը առաջիկա տասնամյակում»,- Ռոսինի խոսքերն է մեջբերել պարբերականը։
Ընդ որում, Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության գլխավոր տնօրենը նշել է, որ այս պահին Ռուսաստանը չի ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել, բայց «ՆԱՏՕ-ի դաշնակիցները նրան զսպելու համար պետք է մեծացնեն ռազմական ծախսերը»։
Financial Times-ի հրապարակման համաձայն՝ Էստոնիան ծրագրել է 2024 թվականին ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը ծախսել պաշտպանության վրա, ինչը գերազանցում է ՆԱՏՕ-ի սահմանած՝ 2% նպատակային կետը։
Ռոսինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պլանավորում է կրկնապատկել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանին տեղակայված զինվորականների թիվը։
«Շատ հնարավոր է, որ զինվորականների ներկայությունը կրկնակի ավելանա։ Առաջիկա տարիներին մենք կտեսնենք նաև զրահատեխնիկայի, տանկերի, հրետանային համակարգերի թվի աճ»,- ասել է նա։