13/02/2024 14:21
Մոսկվան և Թեհրանը երկյուղով են նայում ՀՀ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու և տարածաշրջանում իրավիճակը սրելու Արևմուտքի փորձերին. Իրանում ՌԴ դեսպան
Իրանը միշտ կարևոր դերակատար է եղել Հարավային Կովկասում և պատրաստակամ է փոխգործակցել Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Դեդովը:
«Այս տարածաշրջանում բոլոր հակասությունները, բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ջանքերով և հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին ուժերի միջամտության, որոնց ջանքերը, որպես կանոն, ինչպես տեսնում ենք գործնականում, հանգեցնում են միայն ավելի մեծ լարվածության»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանը «երկյուղով են նայում Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու և տարածաշրջանում իրավիճակը սրելու Արևմուտքի փորձերին»: Դեսպանն ընդգծել է «3+3» տարածաշրջանային հարթակի կարևորությունը բոլոր ոլորտներում համագործակցության տեսանկյունից:
«Եվ իհարկե, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը շատ հեռանկարային նախագիծ է։ Որքան հայտնի է, նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պարսից ծոցի շատ պետություններ։ Իսկ 2023 թվականի մայիսին միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց Ռեշտ-Աստարա երկաթուղու վերջին բացակայող հատվածի ավարտի մասին։ Մեկ այլ նախագիծ, որի շուրջ բանակցություններ են ընթանում, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծումն է, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և տեղափոխում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև գերծանրաբեռնվածության շրջանում»,- ասել է Դեդովը: