13/02/2024 14:35
Նախնական կալանքն իբրև պատիժ չպետք է կիրառվի. Նարեկ Գալստյանը ևս Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորներից է
Նախնականա կալանքն իբրև պատիժ չպետք է կիրառվի, և մարդը կարող է կալանքից դուրս լինելով իր ընտանիքի կողքին՝ սպասել այս քրեական գործի հանգուցալուծմանը. Նարեկ Մալյանի դեմ գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «24 news.am» լրատվական կայքէջի տնօրեն Նարեկ Գալստյանը։
Նա հաստատեց, որ ինքը ևս երաշխավոր է ներկայանալու դատարան՝ ակնկալելով, որ Նարեկ Մալյանի խափանման միջոցը կփոխվի և կընտրվի այլընտրանքային խափանման միջոց։
«Լավ կլինի, որ Նարեկն ընդհանրապես գտնվի ազատության մեջ, ակնկալում եմ ցանկացած այլընտրանքային խափանման միջոց և ոչ կալանավորում»,-ասաց նա։
Գալստյանը չհիշեց նախկինում նման դեպք, որ որևէ մեկին ֆեյսբուքյան գրառման համար կալանավորեն։ «4-5 ամիս է՝ Նարեկը կալանավորված է։ Իհարկե, չեմ հիշում նման դեպք, սա աղաղակող դեպքերից է»,-ասաց նա։