13/02/2024 13:40
Իշխող վարչախումբը փորձում է համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել. Չալաբյան
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․
«Այսօր առավոտյան Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, կան նաև մեծաթիվ վիրավորներ, թշնամու կորուստներն առայժմ անհայտ են։ Կրակը թշնամու կողմից վարվել է այն դիրքերից, որոնք գրավել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռվի հայկական զորքերին նահանջի հրաման է տրվել։
Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անվանել է «Հատուցման գործողություն», իրեն իրավունք վերապահելով անարգել սպանդի ենթարկել հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ իր փոքրոգի հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ հետաքննություն կանցկացնի և կպատժի այն զինծառայողին, որը կրակ է բացել թշնամու ուղղությամբ, փոխանակ մտածելու, թե ինչպես կանխել թշնամու հնարավոր գործողությունները։
Արդեն երեք տարուց ավելի է՝ Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել։ Այդ ընթացքում հանձնվել և հայափաթվել է Արցախը, թշնամին գրավել է Հայաստանի արևելյան սահմանի գերիշխող բազմաթիվ բարձունքները, ակնհայտորեն նոր հարձակում է պատրաստում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ այս կեղծ «խաղաղասերների» կույտը, երկիրը պաշտպանության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց անհեթեթ գործողություններով ջլատել հասարակությունը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանությունը մեկ օր ավելի երկարաձգելու և նրա «բարիքներից» օգտվելու համար։
Ցավակցում եմ այսօր զոհված հայրենիքի պաշտպանների ընտանիքներին և հարազատներին, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանվողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը»։