13/02/2024 20:11
Կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների. Նիկոլ Փաշինյան
Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Ներքին Հանդի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակմանը, ներկայացրել է դրան նախորդած իրադարձությունները, մասնավորապես, նշելով, որ հայ դիրքապահներին կա տրված «խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների»: Փաշինյանը սա ասել է ի պատասխան ադրբեջանական կողմի՝ ՀՀ ՌՈ կողմից երեկ հնչեցված պարզաբանումների համատեքստում։
«Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:
Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բայց չնայած դրան, այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, և ինչպես նշեցի, դժբախտաբար չորս զինծառայող սպանվեցին»,- ասել է նա։