13/02/2024 12:14
Ադրբեջանի հանցավոր գործողությունների շղթան պետք է դադարեցվի. Մարուքյանի կոչը՝ միջազգային հանրությանը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում կրկին անդրադարձել է Ներքին Հանդում ադրբեջանական ագրեսիային՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան։
Նա մասնավորապես գրել է. «Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր նրանք իրականացրել են «Հատուցում» գործողությունը՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքի վրա, ինչի հետևանքով երկու հայ զինվոր զոհվել է, և կան վիրավորներ։
Նախ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից եղել է գնդակոծություն, իբր, վիրավոր կա, ապա հայկական կողմը հայտարարում է, որ իրենք կհետաքննեն միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է, սպանում և խեղում մարդկանց՝ չսպասելով որևէ հետաքննության՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք պատրաստ են հարձակվել և պարզապես պատճառ են փնտրում։
Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ տարածում է անվերահսկելի, միակողմանի, կեղծ լուրեր, թե իբր հայկական կողմում կրակոցներ են եղել, իսկ հետո արդեն պատրաստի գործողություն են կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ սպանելով ու խեղաթյուրելով նոր կյանքեր։
Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը ավելի քան 215 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչը ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»։