14/02/2024 16:43
Քերոբյանի պաշտոնանկությունն «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է. Քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեծ հավանականությամբ կգերիշխի կարծիքը, որ Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը կապված է աղմկոտ կոռուպցիոն գործի հետ: Եվ գուցե այդպես է, ինքս չունեմ որևէ տեղեկություն՝ այդ տարբերակը պնդելու կամ հերքելու համար:
Բայց, ես ունեմ իմ կարծիքը, ըստ որի, Քերոբյանի պաշտոնանկությունը «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է: Խիստ հատկանշական է, որ այդ պաշտոնանկությունը տեղի է ունենում Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հերթական նիստից հետո:
Առիթ ունեցել եմ ասելու՝ չնայած Հայաստանի հասցեին շռայլվող ականջահաճո հայտարարություններին, արևմտյան գործընկերները պաշտոնական Երևանից անընդհատ «երդում» և «զոհաբերություն» են պահանջելու թե՛ ուղղակի, թե՛ հայաստանյան որոշ նշանային շրջանակների միջոցով: Պարզապես պետք էր հետևել, թե ինչ շրջանակներ էին «ինքնանպատակ» թիրախավորում Քերոբյանին տևական ժամանակ»: