14/02/2024 10:57
«Հայանպաստ դիրք է գրավել». Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները
Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։
«Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«Հայկական սադրանքին ի պատասխան՝ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին և լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»,- հավելել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ նրանց՝ Բորելը հայանպաստ դիրք է գրավել ու պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև։
Նշենք, որ երեկ Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ, Ադրբեջանի արձագանքն էլ որակել անհամաչափ։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։