«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 32 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսեր է թողարկել, որոնք տեղաբաշխվել են բազմազան ներդրողներով, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
«Ձեռքբերումների 36.1 տոկոսը բանկերն են, 53 տոկոսը՝ կենսաթոշակային հիմնադրամները, 10.8 տոկոսը՝ մանրածախ ներդրումները։ Ընդհանուր 311 ներդրող ունենք»,-ներկայացրեց Հարությունյանը՝ նշելով, որ սա դրամային խոշորագույն պարտատոմսերի թողարկումն է հանրապետությունում։
ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը ներկայացրեց, որ մինչև 2015 թվականը, մինչ այն պահը, երբ ՀԷՑ-ը անցել է «Տաշիր» խմբի կառավարմանը, ներդրումները կրել են ոչ կանոնավոր բնույթ և ուղղված են եղել ոչ թե զարգացմանը, այլ՝ եղած իրավիճակի պահպանմանը։
«2016 թվականից ընկերությունը կազմեց 5-ամյա, այնուհետ՝ 10-ամյա ներդրումային ծրագիր։ 2016 թվականից մեր լայնածավալ ներդրումային ծրագիրը կազմել է 235 մլրդ դրամ, տարեկան միջինը 30 մլրդ դրամի չափով, առանց ԱԱՀ-ի։
2016-2030 թթ սպասարկման որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հուսալի և անխափան մատակարարմանն ուղղված ծախսերը կազմում են շուրջ 160 մլրդ դրամ, նոր սպառողներին ցանցերի միացման, ցանցերի ընդլայնման ծրագրերը կազմելու են 171 մլրդ դրամ։ Պլանավորում ենք, որ ընդհանուր առմամբ կունենանք 461 մլրդ դրամի ներդրում»,- ներկայացրեց Արշակյանը։
Նրա խոսքով՝ 2002-03 թվականներին, երբ ցանցերը մասնավորեցվում էին, համակարգում տեխնիկական և առևտրային կորուստները կազմում էին 21 տոկոս, այժմ դրանք կազմում են 6.6 տոկոս։
«Էլեկտրական էներգիայի կորուստի նվազեցումից տարեկան ունենք 14 մլրդ դրամի տնտեսում, աշխատավարձի ֆոնդի օպտիմիզացման արդյունքում՝ 3.6 մլրդի, շահագործման պահպանման ծախսերի նվազեցման արդյունքում՝ 2.7 մլրդ դրամի տնտեսում։ Տարեկան տնտեսումը կազմում է շուրջ 20 մլրդ դրամ, ինչը թույլ է տալիս սպառողի վրա սակագնի ազդեցությունը մեղմել և լրացուցիչ բեռ չավելացնել »,-ասաց Արմեն Արշակյանը։
Ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանն անդրադառնալով ցանցի նոր բաժանորդներին՝ ասաց, որ 2016-23 թվականներին ցանցին միացել է 75 հազար բաժանորդ, 118 հազարն էլ նախատեսվում է միացնել.
«2023 թվականի դրությամբ միայն Երևանում 19 939 բաժանորդի միացրել ենք ցանցին։ Մինչև 2030 թվականը միայն բազմաբնակարան շենքերում պլանավորվում է ցանցին միացնել շուրջ 68 հազար բաժանորդ»։
Ինչ վերաբերում է վթարային անջատումներին՝ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ 2018 թվականին անջատումների քանակը կազմել է 13 000, իսկ 2023 թվականին՝ 9 693։
«Այս թիվը դինամիկ նվազում ունի, ինչը վկայում է ներդրումային ծրագրի արդյունավետության մասին»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: