14/02/2024 09:38
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության նախարարության գործառույթներն իրեն է վերապահել ու շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Այսպիսով, երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի ընթացքում ՊՆ-ն առավոտից պարբերաբար պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես գալիս՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական լրահոսին: Եվ ահա Անդրանիկ Քոչարյանը, առաջ ընկնելով պաշտպանական գերատեսչությունից, խախտելով ՊՆ սահմանած կարգը, հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի:
Շեշտենք, որ սահմանային միջադեպերի մասին պաշտոնական տեղեկություն հաղորդելու լիազորություն ունի բացառապես ՊՆ-ն. դա պատգամավորի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում: Ավելին՝ երբ սահմանային միջադեպից հետո տվյալ համայնքի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում տիրող իրավիճակից, իշխանություններն անմիջապես աղմուկ են բարձրացնում, որ մարզպետն իրավասու չէ սահմանային իրավիճակի մասին տեղեկություն տալ:
Փաստացի երեկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը փորձեց մրցակցության մեջ մտնել ՊՆ-ի հետ ու առաջինը տեղեկություն տալ զոհերի մասին: ՔՊ-ական պատգամավորը, որը նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, չարաշահելով իր դիրքը, ՊՆ-ի փոխարեն, ինքն է առաջինը զոհերի թիվը հայտնում:
«Ժողովուրդ» օրաթերթն այս խայտառակ փաստի առնչությամբ դիմեց ՊՆ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում, որ իշխանական պատգամավորը, իրենց փոխարեն, առաջինն է պաշտոնական տեղեկություն տալիս, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել»։