14/02/2024 09:52
«Հրապարակ». ՊՆ-ն կրկնապատկել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ին տրամադրվող դրամաշնորհի չափը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը կրկնապատկել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհի չափը։ Այս ՊՈԱԿ-ի տնօրենը, հիշեցնենք, Վաղինակ Սարգսյանն է, ով զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2018-ի իշխանափոխության օրերին խաղաղապահների գնդին՝ «Ստալիչնի պոլկից», հենց նա է հանել փողոց՝ Փաշինյանի ակցիաներին մասնակցելու, եւ, ըստ որոշ լուրերի, հենց դրանից հետո է Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշել հրաժարական տալ։
Այս տարի նշված ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի չափը կազմում է 483 մլն 792 հազար դրամ, մինչդեռ 2023-ին 2 անգամ պակաս էր՝ 215 մլն 320 հազար դրամ: Ընդ որում՝ այդ թիվն էլ էր այդ ՊՈԱԿ-ի համար շատ, որովհետեւ փողն այնքան էր ավելացել, որ ՊՈԱԿ-ը սկսել էր տարեվերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ անել` խորովածով ուղեկցվող, որ գումարը հասցնի ծախսել։ Հասկանալի չէ, թե 2024-ին այդ 483 մլն 792 հազար դրամն ինչի համար է տրամադրվելու, քանի որ պայմանագրում ծրագրի որեւէ նկարագրություն առկա չէ»։