14/02/2024 22:21
«Վանաձոր» ՔԿՀ-ում բունտը շարունակվում է
«Վանաձոր» ՔԿՀ-ում բունտը շարունակվում է, գրել է «Փաստինֆո»-ն։
Տեղեկացրել էինք, որ հացադուլին զուգահեռ, նաև ինքնավնասման դեպքեր են գրանցվել։
30 կալանավորված անձ և դատապարտյալ հացադուլի մեջ է։ Պատճառն, այսպես կոչված, մաքրման աշխատանքներ են։
Մասնավորապես, փետրվարի 9-ին ՔԿԾ ԿՄ օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև, որ որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ՝ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։ Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ծխախոտ, ոգելից խմիչք, այլ արգելված իրեր, խցերից դուրս են բերվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա։ Բացի այդ, «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 20 կալանավորված անձ և դատապարտյալ։
««Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց կողմից ինքնասպանության փորձեր չեն իրականացվել։ 3 դատապարտյալ հայտարարել է ինքնավնասում կատարելու մասին, որոնցից երկուսի ինքնավնասման փաստն արձանագրվել է, երրորդ դատապարտյալը հրաժարվել է անցնել բժշկական զննություն՝ ինքնավնասումը փաստելու համար»,- նշել է Նավիկյանը՝ մանրամասնելով, որ ինքնավնասում կատարած դատապարտյալներից մեկը երկաթե օղակ է կուլ տվել, մյուսը՝ ածելիով վնասել ձեռքը։
Նավիկյանը վստահեցրել է, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ընթանում է բնականոն եղանակով։