14/02/2024 20:12
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է համաձայնեցված կետ՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար․ Խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին․
«Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ որեւէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին:
Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:
Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:
Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը եւ Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:
Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, եւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»: