14/02/2024 09:36
«Հրապարակ». Պետք չէ վախենալ ռեֆորմներից, մարդիկ կհամակերպվեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես ընդվզել են թանկացման դեմ, մանավանդ՝ կրկնակի եւ մի բան էլ ավելի չափով: Նրանք հորդորել են փոխքաղաքապետին՝ չգնալ նման քայլերի, մանավանդ որ առջեւում ընտրություններ են, եւ այդ որոշումն ուղիղ հարվածելու է իրենց ընտրողի գրպանին, ու հնարավոր է` ընտրությունների շեմին ՔՊ-ն փաստի առաջ կանգնի։
Միակ բացառությունը եղել է Տիգրան Պարսիլյանը, ով կարծիք է հայտնել, թե պետք չէ վախենալ նման ռեֆորմներից, ի վերջո, մարդիկ կհամակերպվեն։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ ավագանու երեկվա նիստում հայտարարվեց, թե քաղաքապետարանը կվերանայի ուղեվարձի թանկացման առաջարկը։ Նշենք, որ, ըստ նախագծի, մեկ ամսվա համար միասնական տոմսի արժեքը լինելու է 11 հազար դրամ։
Հիշեցնենք, որ նախագիծն ավագանու անցած շաբաթվա նիստում էր ներառված, սակայն հանրային աղմուկից հետո քննարկումը հետաձգվել է: Ըստ ամենայնի, ավագանին որոշակի զիջումների կգնա, քանի որ նախնական տարբերակով ավելի քան կրկնակի էր թանկանալու ուղեվարձը»։