15/02/2024 11:09
Կառավարող «Единая Россия» կուսակցության հրավերով Մոսկվայում է գտնվում ՀՀԿ պատվիրակությունը․ 168.am
168.am-ի տեղեկություններով փետրվարի 15-17-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում է գտնվելու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը՝ մասնակցելու ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից կազմակերպվող «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին։
Պատվիրակությունը ղեկավարում է ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Համաժողովին մասնակցում են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Ադրբեջանի ու Թուրքիայի իշխող ուժերը ներկայացնող։ Հայաստանից մեր տեղեկություններով համաժողովին մասնակցելու է նաև «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը Վլադիմիր Պուտինին սատարող քաղաքական ուժն է։
Ուշագրավ է, որ Հայաստանը նշված համաժողովում ներկայացնում է ընդդիմադիր ՀՀԿ-ն, մինչդեռ այլ երկրներ հիմնականում ներկայացված են իշխանությունը ներկայացնող կուսակցություններով։
168.am-ի տեղեկություններով պլենար մեծ նիստին ելույթով հանդես կգա ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։ Առանձին սեկցիոն քննարկումների ժամանակ ելույթներ կունենան նաև Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։
Հատկանշական է, որ ՀՀ իշխանությունների կողմից տարվող հակառուսական ընդգծված քաղաքականությանը հակառակ` խորանում են ՀՀԿ -Единая Россия համագործակցությունը։ Ինչպես նշեցինք, ՔՊ -ն այս համաժողովին ներկայացված չէ։ Սա թերևս մեսիջ է ՀՀ իշխանություններին առ այն, որ ՌԴ իշխող ուժը զարգացնում է իր հարաբերությունները ընդդիմադիր ՀՀԿ-ի հետ։
Հիշեցնենք նաև, որ աշխատանքային այցով Իրանում է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։