15/02/2024 12:52
«Մի մասը կորցնել ամբողջը փրկելու համար» ռազմավարությունը մեր աչքի առաջ ցույց է տալիս իր սնանկությունը. Արցախի ՄԻՊ
«Մի մասը կորցնել ամբողջը փրկելու համար» ռազմավարությունը կամ մեխանիզմը մեր աչքի առաջ ցույց է տալիս իր սնանկությունը.մ ասուլիսին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ընդամենը երկու օր առաջ նոր սպառնալիքներ ենք լսել Ադրբեջանի նախագահի շուրթերից, ինչը նշանակում է, որ կոնկրետ այդ ռազմավարությամբ առաջնորդվելով դեռևս շոշափելի արդյունքների չենք կարող հասնել»,-ասաց նա։
Ստեփանյանը նշեց, որ իրենք հարցին մոտենում են իրավունքների պաշտպանության տեսանկյունից, իսկ այն, ինչ ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, Արցախի ժողովրդին չպետք է զիջումների կամ մոռացության տանի։
«Իհարկե, համաձայն եմ՝ առկա աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում չկան այդ հնարավորությունները, որ իրացվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը կամ հիմնարար իրավունքների պաշտպանությունը, բայց գոնե պետք է այդ թեման չփակվի՝ քննարկվի, հատկապես, որ ԱՄՆ այցի շրջանակներում ստացել ենք այն տպավորությունը, որ միջազգային՝ կոնկրետ ամերիկյան կողմի դերակատարները կարևորություն են տալիս այդ հարցին, պատրաստ են հարցի քննարկմանը և համարում են, որ տևական խաղաղության հասնելու համար նաև պետք է հասցեագրվի ԼՂ ժողովրդի թեման և ՀՀ-ն ևս պետք է հավատարիմ մնա այդ օրակարգին, այսինքն՝ բանակցային օրակարգից Արցախի ժողովրդի իրավունքների թեման չհանի»,-ասաց նա։