15/02/2024 12:39
ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան
ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է, որ Արցախի ժողովրդի մասին այլևս չպետք է խոսել կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ. հունվարի 22-ից փետրվարի 9-ը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում բարձրացված հարցերին և արդյունքներին անդրադառնալով՝ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ցավոք սրտի տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը, և խնդիր է մեզ համար թե՛ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, և թե՛ ամերիկյան շրջանակներին հասցնել այս կարևոր ուղերձը, ներկայացնել մտահոգությունների այն շրջանակը, որ ունենք»,-ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը մասնավորապես անդրադարձավ Վաշինգտոնյան այցին և նշեց, որ մասնակցել են միջազգային կրոնական ազատության հեղինակավոր համաժողովին։
«Կարևոր հարթակ էր մեզ համար խոսելու Արցախում հայկական հոգոր և պատմամշակութային ժառանագությանը սպառնացող վտանգի մասին»,-ասաց նա։
Ըստ նրա՝ ԱՄն Կոնգրեսում ընդհանուր առմամբ շուրջ 60 կոնգրեսականների ու սենատորների հետ հանդպում են ունեցել։
«Բարձրաձայնել ենք առաջին հերթին Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության տրամադրման հարցը, որը ցավոք մինչ այժմ չենք տեսնում։ Բարձրաձայնել ենք, որ Արցախի ժողովուրդը որպես փախստական գտնվում է ֆինանսական, կենցաղային ծանր պայմաններում»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ երկրորդ հարցն Ադրբեջանում գերիների և պատանդառված անձանց անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումն է եղել։
«Հատուկ շեշտադրվել է, որ ցավոք առկա չէ անգամ այդ անձանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին հստակ և անկողմնակալ տեղեկություն ստանալու խողովակ»,-ասաց նա։
Բանախոսները նաև անդրադարձել են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը։ «Նշել ենք, որ առկա վիճակում հնարավոր չէ, բայց մենք չենք հաշտվելու Արցախը կորցնելու մտքի հետ և պահանջելու ենք մեր վերադարձի իրավունքը պատշաճ իրացնել»,-ասաց նա։