15/02/2024 18:20
Ամեն ինչ անում են, որ հայ կամավորականին, հայ դիրքապահին ընկճեն, որ կոտրեն մեր դիմադրողականությունը․ «Արաբո» ջոկատի հրամանատար
Հայաստանում հիմա ամեն ինչ արվում է, որ հայ կամավորականին, հայ դիրքապահին ընկճեն, չի բացառվում, որ սա արվում է, հենց նրա համար, որ ուրիշ կամավորներ չհամալրեն երկրապահների շարքերը, կամ այլ կամավորներ զենք չվերցնեն ու չլծվեն հայրենիքի պաշտպանության գործին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային ՀՀ իշխանությունների տված արձագանքին։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 4 կամավորական, վիրավորվել՝ մեկը։
Նիկոլ Փաշինյանն էլ այսօրվա կառավարության նիստում ասել էր․ «ՊՆ-ի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների․ եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ»։ Ասել է թե՝ տեսականորեն բացառված չէ, որ դեռ մեր դիրքապահների նկատմամբ վարույթ հարուցվի։
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի գնահատմամբ՝ ամեն ինչ անում են, որ կոտրեն մեր դիմադրողականությունը, որպեսզի ոչ ոք չպաշտպանի հայրենիքը։
«Կամավորականների հանդեպ վտանգը ավելի մեծ է հայերի, քան ադրբեջանցիների կողմից։ Հայ կամավորների ձեռքերը մերոնք են փորձում կապկպել, ընկճել, որպեսզի թուրքերն ավելի հեշտ հաղթեն, ու սա արվում է հենց նրա համար, որովհետև ադրբեջանցին հասկանում է, որ մեզ հնարավոր չէ զենքով հաղթել, մեզ միայն դավադրությամբ կարելի է հաղթել»,- է նշել է ազատամարտիկը։