15/02/2024 14:03
ՌԴ-ն առանց լաբորատոր փորձաքննության որևէ հիմքի՝ Հայաստանին պաշտոնապես տեղեկացրել է «Ջերմուկ»-ի հետ կապված խնդիրը. ՍԱՏՄ
Ռուսաստանը Հայաստանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված խնդրի մասին՝ առանց որևէ լաբորատոր փորձաքննության հիմք ներկայացնելու. այս մասին Aysor.am-ին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Այն, ինչ որ մամուլում էին իրենք ներկայացրել, որ մարդը խմել է Ջերմուկ, կոկորդը այրվել է, որից հետո մահացել է և որ իրացումից խմբաքանակը հանվել է, վերջ, այդ նույն ինֆորմացիան իրենք մեզ ուղարկել են նամակով»,-ասաց Հարությունյանը։
Խոսնակը նշեց, որ այս ամենի հետ կապված քայլեր կձեռնարկեն և կտեղեկացնեն։ «Ենթադրվում է, որ մենք էլ նամակով կխնդրենք մանրամասներ տրամադրեն, այսինքն՝ լաբորատոր փորձաքննության արդյունքներ տրամադրել, որպեսզի դրա հիմքով մենք էլ կարողանանք գործողություն անել, եթե իհարկե որևէ խնդիր կհայտնաբերվի»,- նշեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ «Ջերմուկ Գրուպ»-ում վերջին անգամ 2022 թվականին են ստուգումներ եղել, որևէ խախտում չի արձանագրվել։ Նա նշեց, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում «Ջերմուկ»-ի հետ կապված բողոք չեն ստացել։