15/02/2024 22:10
Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ Փաստաբանը մանրամասներ հայտնեց
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քիչ առաջ ճեպազրույցում ասաց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա մանրամասնեց՝ Էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
«Այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք՝ չեն համապատասխանում իրականությանը, հիմնականում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ»,- ասաց փաստաբանը։
«Այս պահին նախաքննության մարմինը, գիտակցելով մեղադրանքի հիմնավորվածության ցածր մակարդակը, պաշտպանվում է մեր հրապարակային խոսքից՝ արգելելով մեզ հրապարակել նախաքննության բոլոր այն փաստական տվյալները, որոնք մեզ հայտնի կլինեն»,- հավելեց Եգորյանը։