15/02/2024 16:56
«2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ»․ Փաշինյանն ասել է՝ ինչի հաշվին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի:
Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է ընթացիկ տարվա տնտեսական զարգացման թիրախներին և քայլերին. «Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին: Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել և ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել: Այստեղ ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել մի քանի ծրագրերի վրա. ռենովացիայի ծրագիրն անպայման պետք է շարունակել, պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետև այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխել, որովհետև դրա էֆեկտը շատ էական է: Ես ցանկանում եմ առողջապահության ապահովագրության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետև ինձ համար ակնհայտ է, երբ այդ որոշումը կայացրեցինք՝ առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ են լինելու, չի կարող այլ կերպ ուղղակի լինել: Եվ, ըստ էության, համակարգը պատրաստի վիճակում է»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն իր աշխատանքի շնորհիվ պետք է կարողանան ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը»: