15/02/2024 12:17
Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի. Բեգլարյանն ԱՄՆ այցից մանրամասներ ներկայացրեց
Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի. հունվարի 22-ից փետրվարի 9-ը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում բարձրացված հարցերին և արդյունքներին անդրադառնալով՝ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ «120 000 պատճառ կոալցիայի» և ԱՄՆ հայ իրավաբանների միության հրավերով ու աջակցությամբ ԱՄՆ-ում էին՝ քննարկելու արցախահայության խնդիրները, թե ինչ ռազմավարությամբ պետք է առաջ գնան և ինչ նպատակներ պետք է իրենց առջև դնեն, այդ հարցում ինչ դեր կարող են ունենալ սփյուռքն ու սփյուռքի կառույցները։
Բեգլարյանը նշեց, որ վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորն անելիքներ ունեն, այդ թվում նաև կարևոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։
«Ադրբեջանական ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերն ենք բարձրացրել, միջազգային հետաքննության անհրաժեշտության, Ադրբեջանի պետության և կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցների, ինչպես նաև մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրացրել և քննարկել տարբեր կազմակերպությունների հետ, մի շարք այլ հարցեր ևս, որոնք մարդասիրական խնդիրների լուծմանն են առնչվում»,-ասաց Բեգլարյանը։
Նա կարևորեց նաև ոչ հայկական շրջանակների հետ հանդիպումը։ Բեգլարյանը նշեց, որ այցի ընթացում քննարկման ներկայացվեց և ապա Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից ընդունվեց բանաձև՝ հստակ ուղերձներով, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելով նաև կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել, մարդասիրական օգնություն ցուցաբերել, ապահովել արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իր հայրենիք։