15/02/2024 18:54
Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի հետ
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ:
2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։
Հովիկ Աբովյանին պատկանող գույքի առնչությամբ 2021 թվականի օգոստոսի 16-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։
Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23–ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:
2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում, որով վերջիններս պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար), որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:
Դիմումի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և Հովիկ Աբովյանի, նրան փոխկապակցված անձանց միջև 2024 թվականի փետրվարի 15-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում»։