15/02/2024 11:37
Հայաստանը դեսպանության համար կգնի Ֆրանսիայի երրորդ նախագահին պատկանող շենքը
Հայաստանը կգնի Փարիզի 16-րդ թաղամասում տեղակայված Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին պատկանող շենքը՝ ՀՀ դեսպանատունն այնտեղ տեղակայելու նպատակով։ Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում է։
Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:
«Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմն, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծով առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում, ուստի առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2 միլիոն 300 հազար եվրոյին համարժեք դրամ։