15/02/2024 19:18
Քննարկվել են Հայաստանի և Կամբոջայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման հնարավորությունները
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածաած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պիչխուն Պանյան (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի Հայաստանի և Կամբոջայի միջև փոխգործակցության ակտիվացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցային ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի վերաբերյալ հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը:
Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցության խթանման հնարավորություններին:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպմանը կարևորվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում շփումների ակտիվացումն ու գործընկերության ամրապնդումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության խթանման հեռանկարներին»։