15/02/2024 17:41
Երևանի բնակիչը 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ է իրացրել տարբեր մարզերում
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։
Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը իրացնելու նպատակով համաքաղաքացուց ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 300 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամին նման և իսկականից ակնհայտորեն չտարբերվող թղթադրամներ, այսինքն՝ կեղծ արտարժույթ, դրանք, ըստ նախնական տվյալների, իրացրել է Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ հիմնականում բնամթերք գնելով, ինչի հետևանքով տուժել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ քաղաքացիներ։
Այդ նպատակով վերջինս պայմանավորվել է ուղևորափոխադրումներ իրականացնող իր ծանոթի և վերջինիս կնոջ հետ՝ հանցանքը համատեղ կատարելու, այն է՝ գնումներ կատարելու եղանակով հիշյալ կեղծ թղթադրամները շրջանառության մեջ դնելու, կեղծ արտարժույթն իրացնելու շուրջ և 2024թ. փետրվարի 7-ին, կեղծ արտարժույթը հիշյալ անձի կողմից վարած ավտոմեքենայով տեղափոխել Վայոց ձորի մարզ:
Նույն օրը Ջերմուկ քաղաքի շուկայում գնումներ կատարելու եղանակով, 7 հատ 100 ԱՄՆ կեղծ թղթադրամներ իրացնելով վաճառողներին, դրանք դրել են շրջանառության մեջ: Օրեր անց կրկին փորձել են գնումներ կատարելու եղանակով կեղծ թղթադրամներն իրացնել, սակայն ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից ուղևորափոխադրում կատարող անձը, իր կողմից վարվող ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ արտարժույթ, ևս 46 հատ՝ բնակարանի խուզարկությամբ:
Նախաքննության շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակիչներ ամուսիններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ուղևորափոխադրում իրականացնող անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կեղծ թղթադրամները համաքաղաքացուն իրացրած անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ 4 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ նրանցից 3-ի՝ կեղծ թղթադրամները ձեռք բերած, իրացրած, ինչպես նաև ուղևորափոխադրում իրականացնող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ Երևանի բնակչի կնոջ նկատմամբ՝ տնային կալանք։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կեղծ թղթադրամները պատրաստած, հանցավոր շղթայում հնարավոր ներգրավվածություն ունեցող անձի (անձանց) ինքնությունը, հանցավոր խմբի կողմից առերևույթ կեղծ թղթադրամների իրացումից տուժած բազմաթիվ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ: