15/02/2024 16:50
Մայիսից առևտրային ցանցերը նոր կանոններով պիտի առաջնորդվեն․ Որ դեպքում կտուգանեն
Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք
«2024 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և արդեն իսկ հրապարակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Նշված օրենսդրական փոփոխություններով՝ արդար առևտրի կանոններ են սահմանվել փոքր և միջին տնտեսավարողների և առևտրային ցանցերի միջև մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով: Մասնավորապես՝ ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը և այլն:
Նոր կարգավորումների համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է՝
ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները, մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:
մատակարարարի հետ կնքել գրավոր պայմանագիր, որն առնվազն պարունակում է պայմանագրի գինը, վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը և այլն:
մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի դեպքում Հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:
Վերոնշյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 6-ից»: