15/02/2024 13:50
Հայաստանը ՆԱՏՕ-ի առաքելությունում, Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում և ԵԱՀԿ առաքելությունում ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով
Հայաստանը ՆԱՏՕ-ի առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում (Մոնս) և ԵԱՀԿ առաքելությունում (Վիեննա) ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով. որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։
Նշվում է, որ միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի և պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ ունենալը բխում է տվյալ միջազգային կազմակերպություններում ձևավորված միջազգային պրակտիկայով, որտեղ պետությունների պաշտպանական և ռազմական հարցերով ներկայացուցիչներն առավելապես զինվորականներ են։
Որոշման նախագծի ընդունումով կրճատվում է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տևական ժամանակ թափուր է և ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլևս նպատակահարմար չէ:
«Այսպիսով, Նախագծերի ընդունմամբ սահմանվում են.
1) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
2) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
4) կրճատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի հաստիքը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ, որը կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։