15/02/2024 20:28
Ամերիկացի կոնգրեսականն առաջարկում է Տեխաս նահանգն անվանափոխել ու կոչել Ուկրաինա՝ շատ ֆինանսավորում ստանալու համար
Ամերիկացի կոնգրեսական Չիփ Ռոյն առաջարկել է Տեխաս նահանգն անվանափոխել ու այն կոչել Ուկրաինա՝ ԱՄՆ պետբյուջեից ավելի շատ ֆինանսավորում ստանալու համար։ Նրա խոսքերը մեջբերել է Fox News-ը։
«Կարծում եմ՝ շուտով օրինագիծ կուղարկեմ Տեխասը Ուկրաինա անվանափոխելու մասին։ Գուցե այդ ժամանակ մեր վարչակազմն ու սենատորներն սկսեն աշխատել ԱՄՆ-ի սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ»,- ասել է նա։
Ներկայացուցիչների պալատի անդամը դատապարտել է նաև Ուկրաինային և Իսրայելին 95 միլիարդ դոլար հատկացնելու մասին Սենատի ընդունած օրինագիծը՝ այն անվանելով «գարշելի», քանի որ փաստաթղթում ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովման դրույթներ ներառված չեն։
«Երբեք չեմ տեսել, որ «ԱՄՆ Սենատ» կոչվող ծերանոցը արագ աշխատի մի ուղղությամբ, որով ԱՄՆ բնակչության փողերն օտար երկրների պատերազմի վրա ծախսել չի նախատեսվում։ Երբվանի՞ց է մեր տնտեսական զարգացումը հիմնվում արտաքին պատերազմների ֆինանսավորման վրա»,- ասել է կոնգրեսականը։