15/02/2024 12:05
Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների ու ՀՀ կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ, այս մասին կառավարությա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ուժեղ ու մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։
«Հայաստանը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ու սեփական տարածքից դուրս նպատակներ չունի։ Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև, կարծում եմ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը։
«Նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել»,- ասաց նա։
Փաշինյանը կրկին ընդգծեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին ու վերահաստատեց պայմանավորված սկզբունքների շրջանաներում լուծումների գնալու՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու պատրաստակամությունը։
«Պետք է ընդգծեմ նաև տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ»,- նշեց վարչապետը։