15/02/2024 11:25
Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության ու անվտանգության ապահովման հարցում։
«Օրինակ՝ դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ Հայաստանը, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն, իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ այս ու մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։